ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երկնային բարձունքներից դեպի հողեղեն իրականություն

Երկնային բարձունքներից դեպի հողեղեն իրականություն
26.12.2008 | 00:00

ՆԵՐԱՇԽԱՐՀ
Բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ քնարը բազմազան գույների, հնչյունների, ապրումների ու խոհերի համադրությունից է գոյանում՝ ներառելով ներանձնական և անանձնական թեմաների մի ընդարձակ շրջանակ: Սեր, հայրենիք, պատմական ու արդի անցուդարձ, ցավ, փիլիսոփայություն, հումոր… Բոլորի ճաշակին հարմար ասելիք ու ասելու ոճ ունի հեղինակը, սակայն պոեզիայում գլխավոր ասելիքը միշտ էլ պտտվում է սիրո շուրջ:
Բանաստեղծների ներշնչանքի անսպառ աղբյուրը՝ սերը, յուրաքանչյուրի մոտ ներկայանում է յուրովի. ամեն պոետ ունի իր բառն ու պատկերը, իր ընկալումն ու վերապրումը: Հավերժական այդ թեման ներկայանում է միևնույն հեքիաթի, միևնույն ասքի տարբեր պատումների ձևով, ուր ոչ թե սյուժեն է փոփոխվում, այլ պատմողը: Եթե սեր, ուրեմն՝ կարոտ, հանդիպումի բերկրանք, բաժանման ցավ, կասկածներից ծնված տառապանք, հանուն սիրո մղում առ զոհաբերում ու ինքնամոռացում, հրապույրի ու սիրահարության առաջին ակնթարթներին` սիրելիի աստվածացում, և կյանքի պարտադրած օրենքների բերումով՝ հիասթափություն, վրեժի, չարության բռնկում, վերադարձ երկնային բարձունքներից դեպի հողեղեն իրականություն: Բայց սերն այն միակ տիեզերքն է, ուր չարությունն ու վրեժն ավերածություններ չեն գործում, այլ դառնում են լուսավոր թախծի ու պոետական արարումի բարեբեր հունդեր:
«Էլ չե՛մ պսակի
Քեզ ներշնչանքի ծաղկաթերթերով
ՈՒ իմ նվիրած
Լուսե թիկնոցը ետ կվերցնեմ…
Կմարես հոգուս արվարձաններում՝
Որպես մի դյութիչ,
Վաղանցիկ պատրանք,
ՈՒ մոռացումի խուլ թավուտներում
Կավելանա մերկ, լքված մի շիրիմ՝
Սուտ, պսակազերծ մեր սիրո համար…
Ես վտարո՛ւմ եմ քեզ իմ երգերից…»։

Իհարկե, այս վտարանդին ունի անվերջ վերադարձի իր օրրանը, և դա գիտեն թե՛ վտարողը, թե՛ վտարյալը, թե՛ մենք բոլորս՝ այս կեղծ դատավճռի ակամա վկաներս: Պարզ է, որ մեկ ակնթարթ հետո բանաստեղծը դարձյալ նույն պատանի սիրահարն է՝ փխրուն, նուրբ հոգով, որը կարծես երբեք չի թրծվել հիասթափության ու ցավի խառնարանում:
«ՈՒ թե ահա նորից ես խռով եմ քեզնից՝
Պատրաստ իմ այս դժվար սիրուց հրաժարվել,
Գիտեմ, հենց որ ծնվի երգը հրաժեշտի,
Կթվա՝ քեզ հենց նոր, նո՛ր եմ սիրահարվել»:
Բլբուլյանը ներբողում է սիրելիի բացակա ներկայությունը՝ իմաստավորված իր մենությունը համարելով սերը երգով անմահացնելու փնտրված-գտնված հանգրվան:
«Էլ երբեք չեմ որոնելու
Այլ հանգրվան.
Ես միշտ կապրեմ
Քո նվիրած մենության մեջ,
ՈՒր դու չկաս,
Բայց շողեր կան քո հայացքից,
Քո ժպիտը կա վարդացոլք,
ՈՒ քո շունչն է տաք զեփյուռվում…»։

Բլբուլյանի զգացմունքների խոսուն թարգմանն է բանաստեղծական պատկերը՝ հյուսված բնության իրական և երևակայական տարրերից, համեմված պոետական նրբաճաշակ հնարներով՝ համեմատություն, այլաբանություն, մակդիր, փոխաբերություն:
«ՈՒ հավատում եմ հիմա սիրո պայծառ հրաշքին,
Հոգուս վրա արևոտ, տաք մի անձրև է մաղում,
Նոր բույրեր են արարվում, զվարթ լույսեր են խաղում,
ՈՒ անտես մի նարոտ է ճոխ կամարվում իմ կյանքին»:

Սիրո քնարն ընդգրկում է նաև քառյակներ, որոնք Բլբուլյանի սիրերգության բյուրեղացումներն են: Ինչպես Օմար Խայամն է հավաստիացնում, աշխարհիկ կյանքի լուսապսակը բանաստեղծի շուրջ հյուսվում է կնոջ ու գինու կենսագործ համադրությունից: Լևոն Բլբուլյանն այս ճշմարտության համախոհն է, սակայն նրա քառյակներում դժվար է որսալ բացահայտ աղերսներ նույն Խայամի կամ մեր միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերի հետ: Նրա մտածողությունն ու ոճը նորօրյա են, որքան էլ որ ավանդական լինեն հայացքները:
«Ինքդ քեզնից մի՛ թաքնվիր, հոգիդ այդպես մի՛ կողպիր,
Վաղ է դեռ շատ, այս կյանքի հետ հաշիվներդ մի՛ փակիր:
«Ինչո՞ւ դրի սրտիս կապանք»- հիշիր խոսքը պոետի,
ՈՒ քանի կաս, տրվիր սիրո, գինի խմիր ու երգիր»:

Այսօրինակ խտացումները բնորոշ են ոչ միայն սիրո թեմային: Բլբուլյանն իր քառյակներում նաև փորձում է հասկանալ աշխարհի էությունն ու կերպը, հաճախ իրեն զրուցակից է դարձնում Ամենաբարձրյալին, ձգտում ներթափանցել անհունի ու տիեզերականի տիրույթները, ապա կրկին վերադառնում է դեպի նյութեղեն, երբեմն էլ կոպիտ իրականություն.
«Թե խարդախները համարում են քեզ միամիտ,
Խեղճերն՝ ըմբոստ ու քծնողները՝ մեծամիտ,
Ինչո՞ւ պիտի չոր ու խրթին պոետն այս «մեծ»
Քեզ չկոչի լոկ հանգաթուխ մի մանկամիտ»:

Բլբուլյանի բանաստեղծական աշխարհին շատ նման և միաժամանակ տարբեր մի աշխարհ է բացվում մեր առաջ, երբ անդրադառնում ենք հեղինակի կատարած թարգմանություններին: Ռուս գրականության հայերեն մատուցմամբ նորովի ենք ընկալում Ախմատովայի, Վիսոցկու, Խոդասևիչի, Ֆոնյակովի և այլոց՝ մեզ ծանոթ քնարերգությունը: Անշուշտ, բնագրին հավատարիմ և հնարավորինս մոտ մնալով, Բլբուլյանը կարծես գրում է մեկ այլ հայերենով, բառերն ընտրում մեր մայրենիի գանձարանի այլ շերտերից և ներկայացնում դրանք մեկ այլ լույսով: Կարծես թե նույն բանաստեղծական ոճն է, բայց անսովոր, անսպասելի լուծումների մեջ.
«Սառնամանիքից ու քամուց հետո
Ջեռ կրակի մոտ հաճելի էր շատ:
Սիրտս աչքաթող արի ես այնտեղ,
ՈՒ այն գողացան ինձնից աննկատ»:

Ահա թե որքան ներդաշնակ են բանաստեղծական պատկերները՝ ըստ Աննա Ախմատովայի և Լևոն Բլբուլյանի:
Ներդաշնակությունը չի սահմանափակվում գրական փոխշփումների շրջանակում: Լևոն Բլբուլյանի քնարը ներդաշն է նաև այլ մուսաների հետ: Նրա տեքստերի հիման վրա գրված երգերը, մոդայիկ ձևակերպումով, հիթային են եղել մի քանի սերունդների համար և այսօր էլ ունեն իրենց սպասող ունկնդիրը՝ ի տարբերություն մերօրյա շատ երգահանների ստեղծագործությունների, որոնք մոռացվում են վերջին հնչյունները մարելուն պես: Միայն այն հանգամանքը, որ բանաստեղծի հետ համագործակցել են այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, արդեն ինքնին խոսուն փաստ է: Իսկ քրոջ՝ Ժաննա Բլբուլյանի դեպքում, թերևս, զգալի են նաև հարազատության, հոգեկեցության այլ շերտեր ու դրսևորումներ, քան ենթադրվում է սոսկ բանաստեղծի և երգահանի համագործակցության պարագայում:
Բանաստեղծություն, երգ, թարգմանություն, անեկդոտ, պարբերական հանդիպումներ ռադիոլսարանի հետ. ահա ներշնչանքի և ինքնարտահայտման այն ոլորտը, որում ապրում և ստեղծագործում է Լևոն Բլբուլյանը՝ իր ներաշխարհից պեղած այլազան գտածոները նվիրելով մեզ՝ իր կողքին ապրող մարդկանց:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7096

Մեկնաբանություններ